Հայաստանում հյուրատները մեծ շրջանառություն չունեն։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ ՀՀ խորհրդարանում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Օրինագիծն առաջարկում է հյուրատները գրանցել որպես ընտանեկան բիզնես։ Ողջ հանրապետությունում կա ընդամենը 21 հյուրատուն, եթե խոսում ենք գրանցված եւ արտոնավճար մուծող հյուրատների մասին։
Դրանց թիվն ամենայն հավանականությամբ սահմանափակ է, քանի որ նրանք արտոնագիր են ստանում միայն զբոսաշրջության սեզոնի համար, հակառակ դեպքում այդ բիզնեսն անշահավետ է։ Դրանց շրջանառությունը նույնպես շատ փոքր է. 2015թ. 10 ամիսների ընթացքում այն կազմել է ընդամենը 194 հազար դրամ։ «Եթե հիշում եք, Հայաստանում ընտանեկան բիզնեսն ազատվում է հարկերից տարեկան 18 մլն դրամից քիչ շրջանառություն ունենալու դեպքում։ Մենք ցանկանում ենք այստեղ ներառել նաեւ հյուրատները, որպեսզի նրանց շրջանառությունը եւ դրա հետ նաեւ փոքր բիզնեսի ակտիվությունը մի փոքր աճի»,- պարզաբանել է Վախթանգ Միրումյանը։





























