«Իսլամական պետության» դաժան հալածանքների պատճառով առաջիկա 10 տարիների ընթացքում քրիստոնեությունը կարող է վերանալ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներից։ Այս մասին գրում է The Independent-ը՝ վկայակոչելով «Օգնություն եկեղեցուն կարիքի պահին» կազմակերպության զեկույցը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կրոնական դրդապատճառներով էթնիկ զտումների պատճառով տարածաշրջանում զգալի  պակասել է քրիստոնյաների թիվը։ Հատկապես դա անդրադարձել է Սիրիայի, Իրաքի, Նիգերիայի վրա։

Վերլուծաբանների տվյալներով՝ քրիստոնեության անհետացման մեջ իրենց դերն են խաղում նաեւ ավտորիտար ռեժիմները, ինչպիսին է Հյուսիսային Կորեան։

«Քրիստոնյաների մշակութային ցեղասպանությունը Մերձավոր Արեւելքում վերացնում է հավատացյալներին»,- ասել է զեկույցի հեղինակներից մեկը՝ նշելով, որ այդ կերպ քրիստոնեությունը համաշխարհային կրոնից կարող է վերածվել տարածաշրջանայինի։

Հետազոտողները նշում են, որ եթե Իրաքում քրիստոնյաներին միջազգային մակարդակով հրատապ օգնություն չտրամադրվի, նրանք կվերանան առաջիկա 5 տարիների ընթացքում։ Այս պահին Իրաքում կա մոտ 275 հազար քրիստոնյա։ Իսկ Սիրիայում վերջին 4 տարիների ընթացքում քրիստոնյաների թիվը 1.25 միլիոնից դարձել է 500 հազար։

Քրիստոնյաները ԻՊ-ի եւ այլ ջիհադականների թիրախում են ոչ միայն հավատի պատճառով, այլ նաեւ այն բանի համար, որ նրանց կասկածում են Արեւմուտքի հետ կապ ունենալու մեջ, փոխանցում է Gazeta-ն։