Լիբանանի խորհրդարանը հերթական անգամ չի կարողացել նախագահ ընտրել. նոր նիստը նշանակվել է դեկտեմբերի 2-ին, հայտնում է NNA ազգային գործակալությունը։ Որոշումը հրապարակել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին։
Երկիրը 2014թ. մայիսից՝ նախկին նախագահ Միշել Սուլեյմանի նախագահության ժամկետի ավարտից հետո, քաղաքական ճգնաժամի մեջ է գտնվում։ Նոր նախագահի ընտրությունները բազմիցս հետաձգվել են քվորումի բացակայության պատճառով։
Լիբանանի սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է դառնալ միայն խորհրդարանի ընտրած քրիստոնյա մարոնի թեկնածուն։ Այս կրոնի ներկայացուցիչները Լիբանանում կազմում են բնակչության 25 տոկոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լիբանանի խորհրդարանն այս պահին բաժանված է գրեթե 2 հավասար մասի։ Նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներն են «Հեզբոլլահ» շիական խմբավորման քաղաքական դաշնակից գեներալ Միշել Աունը։ Նրա թեկնածությունը պաշտպանում են սիրիամետ բլոկի կողմնակիցները։ Աունի հակառակորդը Սամիր Ջաջան է, որին աջակցում է սունիական «Ալ Մուսթակբալ» կուսակցությունը։





























