Երեւանյան հյուրանոցներից մեկում այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահացած հայտնաբերված թատերագետ Լեւոն Մութաֆյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
ՔԿ-ի փոխանցմամբ՝ կատարվում է քննություն՝ պարզելու Լեւոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։
«Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ եւ հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Լեւոն Մութաֆյանի դին։ Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասացին ՔԿ-ից՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. նոյեմբերի 11-ին, Երեւանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին:





























