2018-ից Հայաստանում բիզնեսը կարող  առցանց հետեւել իր հարկային հաշվետվություններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում հարկային օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով, հարկատուն կարող է առցանց ռեժիմով տեսնել իր պարտավորությունները, ընդ որում ըստ հարկատեսակների եւ վճարման պատմությամբ: Ավելին, բիզնեսը կարող է ցանկացած պահի տեսնել միջոցների դինամիկան իր հարկային հաշվեհամարին:

Ներկայումս հարկային հաշվետվությունների «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգը նման հնարավորություններ է տրամադրում միայն հարկային ծառայության աշխատակիցներին, իսկ որոշ դեպքերում հենց իրենք են տվյալներ ներմուծում համակարգ:

«Մենք ուզում ենք ամբողջությամբ ավտոմատացնել գործընթացը եւ բացառել այնտեղ մարդկային գործոնը»,-ընդգծել է Միրումյանը՝ հավելելով, որ այդ եւ էլի մի շարք փոփոխություններ ուժի մեջ կմտնեն 2018 թվականին: