2018թ.-ից Հայաստանում հարկատուները կարող են հարկերի վճարումները փոխանցել միասնական հաշվեհամարի։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ ՀՀ խորհրդարանում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

Նա նշել է, որ հիմա կա նման 50  հաշվեհամար՝ կախված հարկի տեսակից եւ ձեռնարկության կազմակերպման ձեւից։ Բնականաբար յուրաքանչյուր հարկատու չի աշխատում բոլոր 50 հաշիվների հետ, բայց մեծ մասն օգտվում է գոնե 2-3  հաշվից (եկամտահարկի եւ ԱԱՀ-ի հաշիվները)։ Արդյունքում կա սխալվելու եւ գումարն այլ հաշվի փոխանցելու ռիսկ։

«Հիմա ամեն բան շատ պարզ կլինի։ Եթե հաշվին գումար լինի, եւ հարկատուն ներկայացնի հարկի հաշվարկը, ապա դրանով կիրականացվի մարումը։ Եթե հաշվին գումար չլինի, ապա գումարը կգանձվի, երբ հաշվին գումար հայտնվի»,- հավելեց Միրումյանը։ Այս եւ օրինագծի այլ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018թ.-ից։