Վիճակագրությունը երբեմն հիշեցնում է անօդ տարածություն, որտեղ թվերը ոչ թե հաստատուն քայլում են, այլ տիեզերագնացների նման լողում են ու ծամածռություններ անում։ Ոմանց այդ ծամածռությունները կարող են դուր գալ, ոմանց՝ ոչ։ Այդպես էլ վիճակագրությունն է՝  նույն թվերի մասին կարող են հնչեցվել եւ դրական, եւ բացասական գնահատականներ, կատարվել բոլորովին իրարամերժ եզրակացություններ։

Զորօրինակ՝ իշխանամետ գործիչներն ասում են, որ արտահանման աճի տեմպը կրկնակի գերազանցում է ներմուծման աճի տեմպին, ինչն էլ ներկայացվում է որպես խիստ դրական երեւույթ։ Այդ կարծիքին է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, օրերս ասուլիսում դրա մասին հիացմունքով արտահայտվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը։ Համոզված եմ, որ կառավարության այլ անդամներ եւ վիճակագրական ծամածռությունների այլ սիրահարներ եւս նույնը կպնդեն։ Բայց մինչ որեւէ մեկը գլխի կընկնի, որ կարելի է ազգային տնտեսության հաջողությունների մասին պոեմներ ու բոցաշունչ երգեր գրել, մեզ թույլ կտանք վիճակագրական ծամածռությունների հետեւում ներկայացնել մաթեմատիկան այնպես, ինչպես դա մեզ սովորեցրել են դպրոցում։

Եւ այսպես՝ 2010 թ. հունվար-հուլիսին Հայաստանից արտահանումը կազմել է 512 մլն դոլար, որը 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43,3 տոկոսով։ Ներմուծումը կազմել է 2 մլրդ դոլար, աճը՝ 22,8 տոկոս։ Կարծես թե վիճակագրական ծամածռության սիրահարների փաստարկները հավաստի են՝ իսկապես էլ արտահանման առաջանցիկ աճ կա։ Բայց մենք շարունակենք տրամաբանել։ Մաթեմատիկայի տարրական իմացությունը հուշում է, որ եթե արտահանումը ներմուծման համեմատ աճել է առաջանցիկ տեմպերով, պետք է նվազեր նաեւ արտաքին առեւտրի բացասական մնացորդը։ Ի վերջո՝ արտաքին առեւտրի մնացորդն ստանալու համար արտահանումից ենք հանում ներմուծումը, եւ որքան արտահանման ծավալը մեծանում է, այնքան պետք է մեծանա մնացորդի ծավալը (կամ փոքրանում է բացասական մնացորդը)։

Բայց պաշտոնական վիճակագրությունը, կարծես դեմ է գնում, մաթեմատիկայի տարրական կանոններին: Այսպես. ըստ վիճակագրական ծառայության տվյալների, արտաքին առեւտրի բացասական մնացորդը 2010 թ. 7 ամսում կազմել է 1,5 մլրդ դոլար, եւ այն 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ոչ թե նվազել է, այլ աճել 17,2 տոկոսով կամ 224 մլն դոլարով։ Բանն այն է, որ մեր պաշտոնյաների համարձակությունը չի հերիքում ասելու ողջ ճշմարտությունը։ Իսկ իրավիճակը հետեւյալն է՝ բացարձակ թվերով արտահայտված ներմուծումն ավելի շատ է աճում, քան արտահանումը, սակայն քանի որ արտահանման եւ ներմուծման բազային թվերը խիստ տարբեր են, տոկոսային համեմատությամբ ստացվում է արտահանման աճի ավելի բարձր տոկոս։ Հիմա այդ նույնը թվերով. 2009 թ.ունեցել ենք   357 մլն դոլար արտահանում եւ այն աճել է 155 մլն դոլարով, որն էլ կազմում է 43,3 տոկոս (բազային թիվն այստեղ 357 մլնն է)։ 2009 թ. ունեցել ենք 1,6 մլրդ դոլար ներմուծում եւ այդ թիվը աճել է մոտ 400 մլն դոլարով, սակայն քանզի բազային թիվը 1,6 մլրդն է, աճը ստացվում է 22,8 տոկոս։ Սակայն քանի որ ցանկացած դպրոցական կհաստատի, որ 400 մլն-ը 155 մլն-ից ավելի շատ է, մենք իրականում ունենք ներմուծման, այլ ոչ թե արտահանման առաջանցիկ աճ, որքան էլ պատգամավորները հակառակը համոզեն...

Սամվել Ավագյան