Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ նոյեմբերի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել ԵՏՄ շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման շուրջ Համաձայնագրի նախագիծը: Փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքի փոխադարձ առեւտրում գոյություն ունեցող արգելքների վերացմանը, ինչպես նաեւ Միության շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման իրավական հիմքերի ձեւավորմանը: Այդպիսով, ԵՏՄ անդամ պետություններին հասանելի կլինեն ինտեգրացիոն միավորման այլ պետությունների շուկաները:
Փաստաթղթում ներառված են միասնական նպատակներն ու սկզբունքները, կարգավորման ընդհանուր միջոցառումները, այդ թվում՝ ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության վերահսկողությունը:
ԵՏՄ երկրների շուկա նոր ալկոհոլային ապրանքների մուտքը կազդի ընդհանուր ալկոհոլային շուկայում մրցակցության վրա, ինչը, անկասկած, կնպաստի ալկոհոլային արտադրանքի որակի բարձրացմանը եւ տեսականու ընդլայնմանը:
Սպասվում է, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցումը կավարտվի մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 1-ը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015թ. մայիսի 29-ի № 14 որոշման համապատասխան): Համաձայնագրի նախագիծը քննարկման կներկայացվի ԵՏՀ Խորհրդի հերթական նիստին, ինչից հետո փաստաթուղթը կստորագրվի:
Բացի այդ, հավանության են արժանացել ԵՏՄ անդամ-պետությունների ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ակցիզի ոլորտում հարկային քաղաքականության ներդրման սկզբունքների մասին Համաձայնագրերի նախագծերը:
Դրանց նպատակն է առաջիկա 5 տարիներին ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ակցիզային դրույքաչափերի ներդաշնակեցման ճանապարհով ԵՏՄ միասնական շուկայի ձեւավորման պայմանների ստեղծումը:
Այս միջազգային իրավական ակտերն ամրապնդում են ալկոհոլի եւ ծխախոտի ակցիզի դրույքաչափերի մերձեցման շուրջ Միության երկրների պայմանավորվածությունները: Արդյունքում, տարբեր երկրների ակցիզի դրույքաչափերը կտարբերվեն, սակայն կտրուկ անհամաչափություն չի լինի, որը գոյություն ունի ներկայում: Հիշեցնենք, որ դրույքաչափերի ներդաշնակեցման գործընթացը եւ դրանց աստիճանական բարձրացումը սկզբունքորեն հավանության է արժանացել բոլոր Կողմերի կողմից:
Համաձայնագրերի նախագծերը կքննարկվեն ԵՏՀ Խորհրդի հերթական նիստում, ինչի արդյունքում դրանց կուղարկվեն ԵՏՄ անդամ-պետություններին՝ ներպետական համաձայնության համար:




























