Ադրբեջանը շահագրգռված չէ իր հարաբերությունները սրել այնպիսի հարեւանների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը: Նա միշտ փորձում է չվարել այնպիսի քաղաքականություն, որը կարող է նյարդայնացնել Ռուսաստանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի Քաղաքացիական ֆորումում Ադրբեջանի համակարգող Ավազ Հասանովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի այցը Բաքու:

Նրա խոսքով, հենց այդ զգուշավոր քաղաքականությունն է իրեն զգացնել տալիս Ադրբեջանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:

Հասանովի ներկայացմամբ, Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու Ռուսաստանի քայլերը Ադրբեջանում ավելացրել են կասկածները նրա չեզոքության նկատմամբ: «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախատեսված այցը Բաքու կատարվում է այնպիսի պայմաններում, երբ հանրությունը նրան շատ լարված է ընդունում, թեեւ դա նկատելի չէ պաշտոնական մակարդակով: Ադրբեջանի պաշտոնատար անձինք առ այսօր արել են այն, ինչ կարողացել են, որպեսզի պահպանեն Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ մակարդակի վրա»,- ասել է Ա.Հասանովը:

Փորձագետի կարծիքով, ներկա իրավիճակում բարդ է խոսել Ռուսաստանի նախագահի այցից լուրջ ակնկալիքների մասին: Քանի որ հիմնական փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի, լինելու է երկու երկրների սահմանազատման համաձայնագիրը, որը համաձայնեցվել էր դեռ այցից առաջ, ԱԳՆ-ների կողմից: «Համաձայնագիրը կարեւոր փաստաթուղթ է, որը 20 տարի շարունակվող բանակցությունների արդյունք է, իսկ այժմ նախագահները հաստատում են այն: Կլինի նաեւ մի քանի տնտեսական համաձանագրերի ստորագրում: Եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին զգալի նվազել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը, հնարավոր է քննարկվեն բիզնես-կապերի կարգավորման հարցեր»,- նկատել է  Հասանովը:

Խոսելով ադրբեջանական հասարակությունում  Դմիտրի Մեդվեդեւի այցի նկատմամբ վերաբերմունքին, քաղաքագետը նկատել է, որ այն հանգում է  հետեւյալին. «Ռուսաստան-Հայաստան ռազմական համագործակցությունը զրոյի է հասցնում տարածաշրջանում Բաքվի մանեւրելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, դաշնակցային հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկար ժամանակ խոչընդոտելու են տարածաշրջանում խաղաղության կարգավորմանը: Ցանկացած դեպքում իր ձեռքի տակ պահելով ղարաբաղյան հակամարտությունը՝ Ռուսաստանը հասնում է նրան, որ երկու պետությունն էլ մնում են իր ազդեցության ոլորտում»: