97-ամյա Գունա Մայա Բոհարան, որը Նեպալում ավերիչ ջրհեղեղներից հետո իրականացված փրկարարական գործողության խորհրդանիշներից մեկն է դարձել, ապաքինվում է հիվանդանոցում, հայտնում է BBC News-ը։

Տարեց կնոջը գտել են ծերանոցի փլատակների տակ և դուրս բերել էքսկավատորի շերեփով։ Նրա փրկության կադրերը լայն տարածում են գտել ԶԼՄ-ներում։

Փրկարարական գործողությունը տևել է չորս ժամ։ Փլատակների տակից դուրս բերելուց հետո Բոհարային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն և շարունակում բուժումը։

Կնոջ ծոռնորդին՝ Դիպակ Բոհարան, ժամանել է Կատմանդուից՝ մասնակցելու հարազատի որոնումներին։ BBC Nepali-ին տված հարցազրույցում նա փրկված 97-ամյա կնոջը համեմատել է «ռազմիկի» հետ, որը մարտի դաշտից վերադարձել է հաղթանակով։

Բոհարայի փրկության կադրերը դարձել են Նեպալում տարերային աղետի հետևանքների ամենահուզիչ պատկերներից մեկը։