Վրաստանում Դաուր Բուավայի մահվան հետաքննության շրջանակում օտարերկրացի մի կնոջ են ձերբակալել՝ մարդուն վտանգավոր վիճակում թողնելու մեղադրանքով, հայտնել են երկրի ՆԳՆ-ից։
Գերատեսչության տվյալներով, ձերբակալվածը և Դաուր Բուավան ընկերներ են եղել։ Նրանք միասին գտնվել են Բուավայի՝ Թբիլիսիի Դիդի-Դիգոմի թաղամասում գտնվող ժամանակավոր բնակարանում, որտեղ թմրանյութ են օգտագործել։ Դրանից հետո երկուսի ինքնազգացողությունն էլ վատացել է։
Ինչպես պարզել է քննությունը, Բուավան գտնվել է կյանքի համար վտանգավոր և ծայրահեղ ծանր վիճակում, սակայն ձերբակալվածը նրան մենակ է թողել։ Հեռանալուց առաջ նա դրսից երկրորդ բանալիով կողպել է բնակարանը, ապա լքել դեպքի վայրը։ Ընդ որում, կինը տեղի ունեցածի մասին չի հայտնել այլ մարդկանց և օգնություն չի խնդրել Բուավայի համար։
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ և 128-րդ հոդվածներով՝ ինքնասպանության հասցնել և վտանգավոր վիճակում թողնել։ Գործով քննչական գործողությունները շարունակվում են։
31-ամյա Դաուր Բուավան հայտնի էր դարձել TikTok-ում իր տեսանյութերի շնորհիվ։ Աբխազիայից հեռանալուց հետո նա ստացել էր Վրաստանի քաղաքացիություն և հրապարակայնորեն քննադատում էր աբխազական իշխանություններին, այդ թվում՝ հանդես էր գալիս հանրապետության և Ռուսաստանի կապերի դեմ։ 2022 թվականին Աբխազիայում նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեի վկայությամբ, իր դիրքորոշման պատճառով Բուավան բազմիցս սպառնալիքներ էր ստացել։



























