Հռոմի Կոլիզեումի շրջակայքում առաջիկա չորս ամիսների համար ուժեղացվել են անվտանգության միջոցները, հայտնում է dpa-ն։

Իշխանությունները հույս ունեն այս կերպ նվազեցնել հանցավորության մակարդակը և բարձրացնել իտալական մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը այցելող զբոսաշրջիկների անվտանգությունը։

Ամֆիթատրոնի և նրա կողքին գտնվող Հռոմեական ֆորումի շրջակայքը հայտարարվել է ուժեղացված վերահսկողության գոտի։ Ռեժիմը կգործի մինչև դեկտեմբերի 24-ը, հայտնել են տեղական իշխանությունները։

Նոր միջոցառումների շրջանակում Կոլիզեումի շրջանում ավելացվել է ոստիկանության ներկայությունը և ուժեղացվել է պարեկությունը, ինչպես նաև իրականացվում են լրացուցիչ ստուգումներ։ Դրա պատճառ են դարձել գրպանահատությունների, կողոպուտների, խարդախության և թմրանյութերի առևտրի մասին հաղորդումները։

Զբոսաշրջիկները հաճախ հայտնում են դրամապանակների և բջջային հեռախոսների գողության մասին։ Հուլիսի սկզբին իրավիճակը սրվել էր այն միջադեպից հետո, երբ մի քանի տասնյակ երիտասարդներ հրավառություն էին կազմակերպել և բախվել ոստիկանության հետ։

Կոլիզեումը կառուցվել է մեր թվարկության I դարում՝ Ֆլավիանոսների դինաստիայի կայսրերի օրոք։ Հին ժամանակներում այստեղ անցկացվում էին զանգվածային ներկայացումներ, այդ թվում՝ գլադիատորական մարտեր և կենդանիների որս։ Այսօր ամֆիթատրոնը համարվում է Հռոմի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը։

Անվտանգության ուժեղացված միջոցներ արդեն գործում են քաղաքի կենտրոնի այլ շրջաններում, մասնավորապես Տերմինի երկաթուղային կայարանի մոտ և Էսկվիլինո շրջանում։