Զիմբաբվեում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 27 մարդ, հայտնել է երկրի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Նյատին։ Զոհվածները տեղական քրիստոնեական եկեղեցիներից մեկի հավատացյալներ էին և ուղևորվում էին համաժողովի, հաղորդում է Associated Press-ը։

Վթարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Հարարե—Մասվինգո մայրուղում՝ Չիվհու քաղաքի մոտ, երկրի մայրաքաղաք Հարարեից մոտ 132 կմ հարավ։ Ոստիկանության տվյալներով, բեռնատարը փորձել է շրջանցել մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին։

Բախումից հետո միկրոավտոբուսը բռնկվել է և գրեթե ամբողջությամբ այրվել։ Սկզբում հաղորդվում էր 23 զոհի մասին, սակայն ավելի ուշ ոստիկանությունը ճշտել է, որ զոհերի թիվը հասել է 27-ի։ Եվս մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։

Ոստիկանությունը սկսել է վթարի հանգամանքների քննությունը։ Նմանատիպ ՃՏՊ-ներ Զիմբաբվեի ճանապարհներին հաճախ են տեղի ունենում՝ գերբեռնված ավտոբուսների և միկրոավտոբուսների մասնակցությամբ։ Իշխանությունները վթարների մեծ մասը կապում են մարդկային գործոնի և ճանապարհների անբավարար վիճակի հետ։

Իշխանությունների տվյալներով, երկրում ՃՏՊ-ների շուրջ 94%-ը տեղի է ունենում վարորդների սխալների պատճառով։ Ընդհանուր առմամբ, աֆրիկյան ճանապարհներին բաժին է ընկնում աշխարհում ՃՏՊ-ների հետևանքով մահերի մոտ մեկ քառորդը՝ տարեկան մոտ 300 հազար մարդ, չնայած այն բանին, որ մայրցամաքում գտնվում է աշխարհի ավտոմեքենաների պարկի ընդամենը մոտ 3%-ը։