Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում «մանիպուլյացիաներ» է անվանել այն հայտարարությունները, թե Մոսկվան սահմանափակումներ է մտցնում Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ։

«Հայաստանի մի շարք պաշտոնատար անձինք և տեղեկատվական ռեսուրսներ դրանք ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից կիրառվող ինչ-որ «պատժամիջոցներ»։ Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ», — ասել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի առանձին կատեգորիաների մատակարարումների հետ կապված դժվարությունները պայմանավորված են բուսասանիտարական վերահսկողությամբ։ Ռուսական պահանջները նախատեսում են, որ հայկական արտադրողներն օգտագործեն սեփական հումք, վերահսկեն թունաքիմիկատների պարունակությունը և ապահովեն մատակարարումների հետևելիությունը։

«Մեր պահանջները լավ հայտնի են», — նշել է դիվանագետը՝ հավելելով, որ հայկական ղեկավարությունն «ինքն էլ ընդունել է որոշ ապրանքների որակի հետ կապված խնդիրների առկայությունը»։

Գալուզինն ընդգծել է, որ մատակարարումների հարցերը պետք է քննարկվեն համապատասխան գերատեսչությունների միջև։

Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորի», «Ռոսպոտրեբնադզորի» և հայ գործընկերների միջև կապերը պահպանվում են։