Մեքսիկայի իշխանությունները հայտնել են ենթադրյալ հանցավոր խմբավորման ութ անդամների ձերբակալության մասին, որը միգրանտներին ստորգետնյա թունելներով տեղափոխում էր ԱՄՆ՝ սահմանամերձ Սյուդադ-Խուարես քաղաքում, հայտնում է AFP-ն։

Քննության տվյալներով՝ La Tía («Մորաքույր») անվանումով խմբավորումը զբաղվում էր մարդկանց ապօրինի տեղափոխմամբ այն թունելներով, որոնք Մեքսիկայի տարածքից տանում էին ԱՄՆ։ Բացի այդ, դրա անդամներին մեղադրում են թմրանյութերի առևտրին, մարդկանց առևանգումներին և շորթումներին առնչություն ունենալու մեջ։

Ձերբակալվածների թվում եղել է նաև խմբավորման ենթադրյալ առաջնորդը։ Գործողությունն իրականացվել է Խալիսկո և Չիուաուա նահանգներում։ Մեքսիկացի զինվորականները առգրավել են երկու պիկապ, 31 բջջային հեռախոս, ինչպես նաև համակարգչային և այլ էլեկտրոնային տեխնիկա։

Խմբավորման գործունեության հետաքննությունը սկսվել է հունվարին՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության դիմումից հետո։ Ամերիկյան կողմը մեքսիկական իշխանություններին հայտնել է ԱՄՆ տարածք մարդկանց տեղափոխմամբ զբաղվող ցանցի հնարավոր գոյության մասին։

Սյուդադ-Խուարեսը վաղուց արդեն միգրանտների համար ԱՄՆ հասնելու փորձերի առանցքային երթուղիներից մեկն է։ Վերջին շաբաթներին Մեքսիկան և ԱՄՆ-ն ուժեղացրել են անվտանգության միջոցները քաղաքի շրջանում՝ անցկացնելով օդային և ցամաքային գործողություններ՝ մաքսանենգների գործունեությունը կասեցնելու և սահմանի ապօրինի հատումը կանխելու համար։