ՌԴ Տուլայի մարզում ավտոբուսի վթարից զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին 1.5 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին նոյեմբերի 12-ին կայացած կառավարության նիստում ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Հայաստանի եւ Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին կտրամադրվի 700 հազարական դրամ, իսկ բոլոր մյուս ուղեւորներին՝ 500 հազարական դրամ։ «Զոհվածների ընտանիքներին հուղարկավորման արարողության համար անհրաժեշտ իրեր կտրամադրվեն, իսկ մյուսների՝ Հայաստան վերադառնալու ծախսերը մենք կհոգանք»,- հավելել է նախարարը։ Ընդհանուր առմամբ կհատկացվի 50 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին։ Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։