«Ժառանգություն»կուսակցությունը 118 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր անդամների պակասը կփորձի լրացնել վստահված անձանց, դիտորդների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը, անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հեգնանքին, որ ընդդիմությունը 2 հազար վստահելի ներկայացուցիչ չկարողացավ գտնել բոլոր հանձնաժողովներում իր տեղը համալրելու համար, ասաց, որ դա իշխանության գործունեության հետեւանքով է:

«Իրենց այսպիսի քաղաքականությունից հետո մի քանի տարի անց ոչ միայն 2 հազար հանձնաժողովի անդամն ու վստահված անձն է դժվար ճարվելու, այլ նաեւ այդքան քաղաքացի: Եթե ահաբեկումներ են լինում, հնարավորինս քաղաքական պրոցեսներից փորձում են քաղաքացիներին հեռու պահել, օգտագործում են վարչական ռեսուրսները, մանկապարտեզներում ու դպրոցներում ուսուցիչներին ու ծնողներին են ցուցակագրում ու պարտադրում կողմ քվեարկել, եթե ընտրակաշառք են բաժանում, հանձնաժողովների անդամներին գայթակղում են, բա իհարկե դժվար է լինելու, բոլորի համար դժվար է լինելու, բացի հանրապետականներից»,- ասել է Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` իշխանությունը կեղծիքների այնպիսի մեխանիզմ է ներդրել, որ անգամ բոլոր հանձնաժողովներում ներկայացուցիչ ունենալու դեպքում պայքարի արդյունավետությունը շատ բարձր չէ:. «Եղած կեղծիքներին այս անգամ ավելացել է նույնականացման քարտով ընտրելու իրավունքը, ինչն ավելի է հեշտացնում կեղծիքները»:

Ըստ մեր զրուցակցի` իշխանություններն արդեն նախընտրական իրենց գործելաոճով ստվեր են գցել հանրաքվեի վրա, ինչից այդքան անհանգստանում է Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք մտահոգված են հանրաքվեի հեղինակությամբ եւ ընտրատեղամասերում պետք է խիստ վերահսկողություն իրականացնեն, որպեսզի բռնեն այն պրովոկատորների ձեռքերը, ովքեր կփորձեն ստվեր գցել հանրաքվեի վրա: