Հայաստանի բախտը ինչ-որ առումով բերել է, որ ուշացել է անցումը թվային հեռուստատեսությանը. այդ ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ուսումնասիրելու եվրոպական փորձը։ Այդ մասին նոյեմբերի  12-ին  ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած՝ «Հայաստանում անալոգայինից թվային հեռահաղորդակցության անցումը» թեմայով քննարկմանը լրագրողներին ասել է  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը։ 

Եվրոպայում, նրա խոսքով, համապատասխան տեխնիկական, սոցիալական եւ օրենսդրական խնդիրներն ի հայտ են եկել անմիջապես։  «Եվ երբ մենք նրանց հետ խորհրդակցություններ էինք անցկացնում, փորձում էինք առավելագույնս ներառել նրանց փորձը մեր կոնցեպցիայում։  Այնուամենայնիվ, խնդիրներ դեռ մնում են։  Ցավոք սրտի, մինչեւ  2016-ի հունվարի 1-ը այդ խնդիրների լուծումը հնարավոր չէ, - նշել է Դադասյանը։ Իհարկե, հավելել է նա, օրենք գոյություն ունի թվային հեռուստատեսությանը անցման վերաբերյալ, բայց Հայաստանի Ազգային Ժողովում դեռեւս նոր քննարկումներ չեն սկսվել։  «Իսկ դա բավականին նոր գործընթաց է, եւ դրա համար մի ամիսը բավարար չէ։ Ենթադրում եմ, թե որոշում կընդունվի դարձյալ հետաձգել գործընթացը խորհրդարանում լիարժեք քնարկումներ կազմակերպելու եւ այդ խնդիրը լուծելու համար», - ամփոփել է Ժիրայր Դադասյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2015-ի հունիսի 1-ն էր սահմանել որպես թվային հեռուստատեսության անցման ամսաթիվ։ Ընդունված որոշման համաձայն, մինչ այդ Հայաստանում պիտի ավարտվեր թվային հեռահաղորդակցության վերերկրային  համակարգի ներդրման գործընթացը, իսկ 2015-ի հունիսի 1-ից պիտի սկսվեր անցումը թվային հեռահաղորդակցության եվրոպական ստանդարտին։  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում 2010-ին ընդունված փոփոխությունների համաձայն, նախատեսվում էր տասնութ հեռուստաալիքի թվային հեռահահաղորդակցության անցումն իրականացնել  մինչեւ 2015-ի հուլիսի  20-ը։ Հայաստանում թվային հեռուստատեսության ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014-ի հունվարի  14-ից։ Թվային հեռահաղորդակցության անցնելուց հետո Երեւանում եւ հարակից բնակավայրերում կհեռարձակվի 18 հեռուստաալիք, իսկ շրջաններում՝  9։ Երկրում անալոգային հեռահաղորդակցությունը նախատեսվում է պահպանել մինչեւ 2016-ի հունվարի 1-ը։