Երեւանի «Աստորիա» հյուրանոցում նոյեմբերի 11-ին մահացած հայտնաբերված  թատերագետ Լեւոն Մութաֆյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին,  Նոր Նորքի 5 զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից:

Մեզ հետ զրույցում միությունից տեղեկացրին, որ թատերագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Հայաստանի գրողների միությունում, Լեւոն Մութաֆյանին կհուղարկավորեն Նուբարաշենի գերեզմանոցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով Լեւոն Մութաֆյանը մահացել է ինֆարկտից:

Հիշեցնենք, որ Երեւանի «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել էր Լեւոն Մութաֆյանի դին։ Նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: