«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը նոյեմբերի 18-ին ԿԸՀ շենքի մոտ  հանրահավաք է հրավիրում` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՒՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Ասելու ենք` հանձնաժողով, այսօր քեզ է տրված չարիքը զարգացնելու ճանապարհը, հետ կանգնի այդ ամեն ինչից: Մարդկանց կասենք`  այդ ինչո՞ւ Ազատ Արշակյանը 10 տարի բանտում կանցկացներ, իսկ դուք կվախենաք նկատողություն ստանալուց»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ իրենք չեն ուզում սպասել մինչեւ դեկտեմբերի 6-ը` հանրաքվեի անցկացման օրը: Նրա խոսքով` իրենք պատրաստ են անգամ կտրուկ քայլերի. «Օրինակ ես` ինքս, անձամբ կգնամ բանտ եւս մի քիչ, ես պատրաստ եմ ընդհուպ թույլ չտալ, որ իրենք աշխատեն: Գնանք, նստենք իրենց աշխատասենյակներում, ասենք` չեք աշխատելու, մենք ձեզ օգնում ենք, որ հայրենիքի դավաճան չդառնաք»:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ օգնության կարգով աշխատում են սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող եւ «Հանրային փրկության ճակատի» եւ «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ:

«Հանրային փրկության ճակատի նախաձեռնողը մենք ենք, նրանց հետ պաշտոնապես հայտարարել ենք, որ նրանց հետ որպես դիտորդ կաշխատենք: Մյուսի հռչակագիրն էլ ստորագրել ենք, բայց խանդավառ չենք իրենց մեկուսացվածությամբ, մասնավորապես նրանց գործիչներից մեկի հայտարարությամբ, որ մենք մասնակցում ենք միայն այն գործերին, որոնք մենք ենք նախաձեռնել»,- ասաց Պարույր Հայրիկյանը` նշելով, որ նոյեմբերի 18-ի հանրահավաքին հրավիրելու են «Չեք անցկացնի» նախաձեռնությանը, եթե չմասնակցեն, ինքը կմտածի, որ նրանք էլ այդ հանրաքվեն կազմակերպողների աջակիցներն են:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին: