Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում այսօր՝ նոյեմբերի 12-ին, արդեն մի քանի ժամ շարունակվող ուժեղ քամու հետեւանքով տասնյակ հաստաբուն ծառեր են արմատախիլ եղել: Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ծառերից մեկն ընկել է մի ավտոմեքենայի վրա, վարորդը հրաշքով է փրկվել:
«Անցնում էի ճանապարհով, վարկյանների ընթացքում հաստաբուն ծառն ընկավ ուղիղ մեքենայիս գլխին: Ավտոյիս դիմապակին փշրվեց, լցվեց գլխիս: Մենակ հրաշքով եմ փրկվել»,- NEWS.am-ին պատմեց մեքենայի 28-ամյա վարորդը՝ Վահե Պետրոսյանը՝ նշելով, որ լուրջ վնասվածքներ չունի:
Դեմիրճյան փողոցում, որտեղ դեպքը եղել է, նաեւ մի քանի էլեկտրասյուներ են տեղահան եղել եւ ընկել ճանապարհին: Նմանատիպ վիճակն է նաեւ քաղաքի այլ փողոցներում, որոնցից շատերը հոսանքազրկված են:
Այս պահին քաղաքում փոթորիկը շարունակվում է, Դեմիրճյան փողոցը փակ է, մարզային ոստիկանության աշխատկիցները փորձում են հեռացնել ծառերը ճանապարհից:
Հիշեցնենք, որ այս գիշեր սկսած քամին մեծ վնասներ է հասցրել Լոռու, Արագածոտնի մարզերում, նաեւ մայրաքաղաք Երեւանում: Փոթորիկի հետեւանքով արմատախիլ են եղել ծառեր, պոկվել են շենքերի տանիքներ: Վնասի վերջնական չափը դեռ հայտնի չէ:
















Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի





























