Աբխազիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսաստանյան «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հետ՝ աբխազական երկաթգծի վարկավորման ու հետագա շահագործման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը՝ «Վրեմյա նովոստեյ»-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա, հարց է բարձրացված՝ հատկացնել 1,5-2 մլրդ. ռուբլու վարկ, որը կօգտագործվի ռուսական ընկերության կողմից։ Աբխազիայի նախագահը վստահություն է հայտնել, որ անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած պատերազմը վնաս չի հասցրել Ադլերից Աբխազիայի տարածքով դեպի Զուգդիդի (Վրաստան) երկաթգծի շինարարության նախագծին։

«Ես վարկ եմ խնդրել „Ռուսական երկաթուղի“ ԲԲԸ-ի համար։ Մենք չունենք սեփական ուժեր ու մասնագետներ, որպեսզի արագ վերականգնենք երկաթգիծը։ Իսկ „Ռուսական երկաթուղին“ ունի։ Սխեման պարզ է։ Նրանք օգնում են մեզ վերականգնել ճանապարհը։ Բիզնեսմենները, որոնք դրանով խճաքար, ավազա-մանրախճային խառնուրդ, և վերաարտահանման գնացող այլ բեռներ կտեղափոխեն, այդ վարկի դիմաց կվճարեն „Ռուսական երկաթուղի“ ԲԲԸ-ին»,- պարզաբանել է աբխազ նախագահը։ Ըստ նրա կանխատեսման, 3-4 տարի հետո աբխազական կողմը կմարի վարկը։

Միաժամանակ, ըստ նրա, որպեսզի երկաթգիծը կարողանա նորման աշխատել և աբխազական բեռները տեղափոխել ռուսական տարածք, հարկավոր են միջազգային ծածկագրեր։ «Առայժմ մենք դրանք չունենք, քանզի մեզ չի ճանաչել միջազգային հանրությունը։ Դա հիանալի կերպով գիտի ընդդիմությունը։ Առայժմ աշխատանքը սկսելու համար հարկավոր են ռուսական ծածկագրերը։ Այդ պատճառով էլ ճանապարհը պետք է փոխանցել կառավարման։ Կրկնում եմ ևս մեկ անգամ. մենք չենք վաճառում այն, չենք փոխանցում բալանսից բալանս, մենք փոխանցում ենք այն „Ռուսական երկաթուղի“ ԲԲԸ-ի կառավարմանը»,- հայտարարել է Բաղապշը՝ ճշգրտելով, որ այս սխեման նման է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ու Հայաստանի փոխհարաբերություններում կիրառված սխեմային։ Հիշեցնենք, որ հայկական երկաթգիծը փոխանցվել է ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարմանը։ Իսկ Աբխազիայի դեպքում, ինչպես հայտնել է Բաղապշը, կկիրառվի «կառավարման փոքր-ինչ այլ կազմակերպչական ձև, սակայն սկզբունքորեն մեծ տարբերություն չկա»։

Նշենք, որ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում դադարել է գործել Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային կապը, որն անցնում է Վրաստանի տարածքով։ Հայաստանը, Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակին ստեղծել էին Աբխազիայի տարածքում երկաթգծի վերականգնման կոնսորցիում։ Սակայն քաղաքական պատճառներով չհաջողվեց իրականացնել նախագիծը։ Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման, «Ռուսական երկաթուղու» ուժերով աբխազական հատվածի վերականգնման դեպքում Վրաստանի դիրքորոշումը վճռորոշ կդառնա Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման գործում։