Տաթեւի համալիրի վերականգնման եւ զբոսաշրջային տարածքի վերածելու նպատակով կազմված նախագծային հատակագիծն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային մրցունակության հիմանդրամի մամուլի ծառայության ղեկավար Զառա Ամատունին։ Ըստ նրա՝ տուրիզմի զարգացման համար հատկացված տարածքի հատակագծում ընդգրկված են Տաթեւ հուշահամալիրը, եւ հարակից 7 համայնքները։ «Գյուղերի մեջ ընդգրկված է նաեւ Խնձորեսկը, որն առանձին զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող համալիր է, սակայն ընդգրկված է Տաթեւի զբոսաշրջային համալիրում` տեղանքի տուրիստական գրավչությունն ավելի բարձրացնելու համար»,- նշեց Ամատունին՝ ավելացնելով, որ Տաթեւի համայնքների զարգացման զբոսաշրջային ծրագրի հատակագծի վրա աշխատել են հայազգի նախագծողներ Իտալիայից, Իրանից, Եգիպտոսից եւ Հայաստանից։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հատակագծից հնարավոր շեղումների կանխման ի՞նչ միջոցներ են նախատեսված, Ամատունին պատասխանեց, որ այն կառավարության հավանությանն արժանանալուց հետո օրենքի ուժ կստանա։ «Տաթեւի վերականգնման ծրագրի արժեքը 50 մլն դոլար է, որից կա միայն 20 մլն-ը, մնացած գումարը պետք է ներդրողներից բերել։ Իսկ, եթե ծրագրում ընդգրկված գյուղերի բնակիչները անկանոն ու հատակագծից շեղվող շինարարություն սկսեն, այն կնվազեցնի տարածքի տուրիստական գրավչությունը, եւ բացասական ազդեցություն կունենա ներդրումների վրա»,- կարծիք հայտնեց Տաթեւի վերականգնման ծրագրի ֆոնդահայթայթման համակարգող Զարմինե Զեյթունցյանը։
Ըստ նրա՝ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ֆոնդի հայթհայթման համար իրականացվում է տոմսերի առցանց վաճառք։ 10 օրվա ընթացքում մոտ 140 մարդ տոմս է գնել։ Զեյթունցյանի խոսքով՝ տոմս գնողները վերջում կմասնակցեն խաղարկության ու հաղթողները կարող են մասնակցել Հայաստանում 7-օրյա շրջագայության։
Տեղեկացնենք, որ առցանց տոմսերի գնումներ են կատարել հիմնականում ամերիկահայերը։




























