Սեպտեմբերի 2-ին Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի «Զովաշեն» բազայում բազմաթիվ երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ԼՂՀ անկախության օրվան: Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես են եկել հայաստանյան պետական եւ մասնավոր բուհերի ուսանողները:

Կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, անդամ տասնյակ հազարավոր երիտասարդների անունից շնորհավորել է արցախահայությանը` Անկախության 19-ամյակի առթիվ: Շնորհավորանքում ասված է.

«Սիրելի արցախցիներ, շնորհավորում եմ Ձեզ ԼՂՀ անկախության օրվա առթիվ: Արցախի անկախության 19-րդ տարեդարձը մենք նշում ենք` վերահաստատելով ազատության պայմաններում ապրելու արցախցի ժողովրդի ձգտումը: Անցած տարիները հստակ ցույց տվեցին ԼՂՀ կենսունակությունն ու ժողովրդի վճռականությունը` կերտելու ազատ, ապահով եւ արդյունավետ պետություն:

Այդ դժվարին ճանապարհին հերոսի մահով ընկան բազմաթիվ հայորդիներ, որոնց երազանքն էր տեսնել ազատ ու ծաղկուն Արցախ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջեւ:

Համոզված եմ, որ Արցախում իրականացվող ծրագրերը ձեւավորելու են կյանքի նոր որակ եւ զգալիորեն բարձրացնելու են ժողովրդի կենսամակարդակը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ԼՂՀ անկախության օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անամպ երկինք, երջանկություն ու բարեկեցություն»: