ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է ռեստորանահյուրանոցային համալիրում  հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է թունավորման աղբյուրը. մատուցված որոշ աղցանների մեջ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ  /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն:

Նախնական քննությամբ պարզվել է, Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող  ռեստորանահյուրանոցային համալիրում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել հարսանեկան արարողություն, որի ժամանակ մատուցվել են ընկերության խոհանոցում պատրաստված աղցաններ։

Նշանակված փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ «Հավի մսով», «Հազարի տերեւներով եւ լոլիկով» ու «Տապակած սմբուկով եւ նռան հատիկներով» աղցանների մեջ առկա է եղել Ոսկեգույն ստաֆիլակոկ /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն, որն էլ  հարսանյաց հանդեսի մի շարք մասնակիցների մոտ առաջացրել է սննդային թունավորում։

Քրեական գործով պարզվել է, որ նշված համալիրում սանիտարահիգիենիկ պայմանների եւ սննդի անվտանգության համար պատասխանատու անձ է հանդիսացել ՍՊ ընկերության տնօրենը։ Մասնավորապես՝ ռեստորանի սննդամթերքի ձեռքբերման աշխատանքերի  հարցերով զբաղվել է  ընկերության տնօրենը։ 

Բացի այդ,  «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով նրա վրա դրվել է նաեւ սննդի շղթայի օպերատորի սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձի պարտականությունները, այն է՝  «Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.01.2011թ. թիվ 34-Ն որոշմամբ եւ «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները եւ պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնները ու նորմերը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 28.12.2001թ. թիվ 961 հրամանով սահմանված պահանջների պահպանելը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրենին՝ Ա. Հայրապետյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: