Իտալացի գործարար Ջանպաոլո Տարանտինին մեղավոր է ճանաչվել կավատության համար եւ դատապարտվել է 7 տարի 10 ամսվա ազատազրկման։ Նման որոշում է կայացրել Բարիի առաջին ատյանի դատարանը։
Տարանտինիին մեղադրում են նրա համար, որ 2009-ին թեթեւաբարո աղջիկներ է տարել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասնավոր առանձնատներ։ Այս ծառայության դիմաց գործարարը հույս ուներ իր համար շահավետ պետական պատվերներ եւ ֆինանսավորում ստանալ։
Գործարարի հետ միասին դատապարտվել է նաեւ Սաբինա Բեգանը, որը լրատվամիջոցներում հայտնի է որպես «մեղուների թագուհի»։ Նրան դատապարտել են 16 ամսվա բանտարկության։ Ցուցմունք տալով՝ կինը արցունքն աչքերին պատմել է, Բեռլուսկոնիի հանդեպ սիրո մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իր՝ Բեռլուսկոնիի կարգավիճակն այս գործում միանշանակ չէ։ Նրան կանչել են որպես վկա, նա հանդես է եկել նաեւ որպես Տարանտինիի կորզումների զոհ։
Բարիում դատավարությանը զուգահեռ Միլանում է դատ տեղի ունեցել այն գործով, որով Բեռլուսկոնիին մեղադրել են անչափահաս մարմնավաճառներից օգտվելու համար։ Այս տարվա մարտին քաղաքական գործիչը վերջնականապես արդարացվել էր վճռաբեկ դատարանի կողմից։





























