Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս Հայաստանը տանել ավելի ժողովրդավարական ճանապարհով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք:

«Շանս կա, որ երկիրը գնա ճիշտ ուղղությամբ: Մենք ուզում ենք ռեալ գետերի վրա ճիշտ կամուրջեր կառուցել: Այսօր կարեւորագույն որոշումները նախագահի կողմից է ընդունվում, գերլիազորություններ կան, սահմանադրական փոփոխություններից հետո երկրի կառավարումը անձերից կախված չի լինի: Կյանքը ցույց տվեց, որ մենք պետք է գնանք ավելի ժողովրդավարական ճանապարհով, սահմանադրական փոփոխություններից հետո,  իրավական ընթացակարգ կլինի ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու»,-ասաց Միքայել Մելքումյանը:

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն էլ նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կազմվել է առանց հանրային քննարկումների:

«Մի սենյակում փակված սահմանադրական փոփոխությունների նախագիծ են կազմել, այն պետք է հանրային քննարկումների արդյունքում կազմվեր: Այս փոփոխությունների հետ կապված շատ բաներ կան, որոնց հետ համաձայն չեմ»,-ասաց Արմեն Մկրտչյանը:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց, որ Հայաստանում իրականացվող սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս երկրում իշխանափոխություն իրականացնել:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը: