Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի «Սուրբ Սարգիս» եկեղեցում այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի ունեցավ «Աստորիա» հյուրանոցում նոյեմբերի 11-ին ինֆարկտից մահացած թատերագետ Լեւոն Մութաֆյանի հոգեհանգիստը:
Հոգեհանգստին ներկա էին արվեստագետներ, հարազատներ:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ թատերագետի մահը հանկարծակիի է բերել իրենց բոլորին:
«Ես կյանքում չեմ իմացել, որ ինքը հիվանդացել ա, չգիտեմ՝ ինքը գրիպով հիվանդացած կա, թե չէ: Ինքը շատ ակտիվ էր, հասցնում էր բոլոր թատրոններում ներկայացումներ դիտել, փառատոների մասնակցել: Թատերական կյանքով ապրող մարդ էր»,- ասաց Հայկ Մնացականյանը՝ նշելով, որ մի քանի օր առաջ է Լեւոն Մութաֆյանի հետ եղել, նա իրեն լավ է զգացել, թամադայություն է արել:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ թեեւ Լեւոն Մութաֆյանը շատ հակասական, բարդ անձնավորություն էր, բայց պրոֆեսիոնալ թատերագետ էր:
Նշենք, որ Լեւոն Մութաֆյանին կհուղարկավորեն վաղը Նուբարաշենի գերեզմանոցում:
Հիշեցնենք, որ Երեւանի «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել էր Լեւոն Մութաֆյանի դին։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ նա մահացել է ինֆարկտից:





























