Ինտերնետի տարածումն օբյեկտիվորեն հանգեցնում է տպագիր գրականության նկատմամբ պահանջարկի անկման։ Ինտերնետում կարելի է անվճար գտնել ցանկացած գրականություն՝ գիտական, գեղարվեստական, մանկական եւ այլն։ Պոլիգրաֆիական բիզնեսը հատկապես տուժում է գիտական եւ մասնագիտական գրականության մասով, քանի որ ինտերնետի կիրառելիությունը հատկապես մեծ է մասնագիտական շրջանակներում։ Այդ են վկայում նաեւ Երեւանի մի շարք գրախանութներում կատարած հարցումները, ըստ որի վաճառքի ամենամեծ անկումն առկա է հենց գիտական գրականության մասով։ 

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ պոլիգրաֆիական արդյունաբերությունը Հայաստանում 2010 թ. 7 ամիսների ընթացքում թողարկել է 4,8 մլրդ դրամի (մոտ 13 մլն դոլար) արտադրանք, ինչը 1,2 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Երեւանյան տարբեր տպարանների շրջանում կատարած հարցումները ցույց տվեցին, որ, իսկապես, առկա է տպագրական ծավալների կրճատում: «Երեւանի թիվ 1 տպարան»-ի գլխավոր ինժեներ Աշոտ Գրիգորյանի խոսքով` պոլիգրաֆիական ծախսերը Հայաստանում բավականին թանկ են, քանի որ տպագրության համար նախատեսված նյութերը բերվում են արտերկրից: «Մեր տպարանում վերջին 10 տարիների ընթացքում գնալով նվազել է տպագրության քանակը: Իսկ վերջին 1-2 տարիների ընթացքում սկսել ենք շատ քիչ թվով գրքեր տպագրել»,-ասաց Գրիգորյանը: 

«Ասողիկ» տպարանի գործադիր տնօրեն Դավիթ Դարչինյանի խոսքով էլ, իրենց մոտ գրքերի եւ, ընդհանրապես, տպագիր գրականության ծավալների նվազում չի նկատվում: Պատվերներ կան թե' գեղարվեստական գրականության, թե' տարբեր տեղեկաթերթիկների եւ գրքույկների համար: 

Նոր ուսումնական տարվա հետ կապված այս օրերին բազմաթիվ գրախանութներում կարելի է հանդիպել մարդկանց կուտակումների, սակայն դա սեզոնային բնույթ է կրում։ Գրախանութներում նույնիսկ պատասխանատու աշխատակիցներն են ներգրավվել հաճախորդներին սպասարկելու աշխատանքներում, որի պատճառով էլ նրանցից շատերը ժամանակ չեն գտնում մամուլի հետ շփվելու։ Այնուամենայնիվ՝ «Բուկինիստ» գրախատութի աշխատակից Աննա Հարությունյանը համաձայնեց որոշ «գաղտնիքներ» ասել։ Նրա խոսքով՝ այս օրերին հիմնականում դասագրքեր ու մանկանան գրականությունն է լավ վաճառվում, իսկ ամռան ամիսներին նկատելի էր Հայաստանի վերաբերյալ գրքերի վաճառքի ավելացում` կապված զբոսաշրջային սեզոնի հետ: Ա. Հարությունյանի տեղեկացմամբ` մանկական գրականությունը շատ լավ է վաճառվում տարվա բոլոր եղանակներին: Գեղարվեստական գրականությունից ընթերցասերները հիմնականում նախընտրում են ժամանակակից գրողների գործերը՝ Ստեֆանի Մայեր, Դեն Բրաուն, Վիշնեւսկի։ Հայ գրողներից նախկինի նման պահանջարկ են վայելում Չարենցը, Սեւակը, ժամանակակիցներից՝ Վահրամ Սահակյանը։ Գիտական գրականությունը, աշխատակցի խոքով, շատ վատ է վաճառվում:

 

Լուսինե Մովսիսյան