Սահմանադրական փոփոխություններին դեմ պայքարող ընդդիմության միասնական շտաբն այսօր՝ նոյեմբերի 14-ին, իրազեկման երթ է անցկացրել մայրաքաղաքի կենտրոնում՝ հորդորելով մասնակցել դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքին:
Երթի մասնակիցները շրջել են Երեւանի կենտրոնական փողոցներով՝ մարդկանց հորդորելով միանալ իրենց եւ մինչեւ հանրաքվեն իշխանափոխություն անել:
«Մարդկանց համոզելու անհրաժեշտություն չկա, նրանք շատ լավ գիտեն, որ պետք է դեմ քվեարկել Սահմանադրական փոփոխություններին: Մենք հորդորում ենք, որ դեկտեմբերի 1-ին գան Ազատության հրապարակ եւ միասին իշխանափոխություն անենք»,- երթից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը:
Թե ինչ է սպասվում դեկտեմբերի 1-ին, ընդդիմության միասնական շտաբը դեռ չի ցանկանում փակագծերը բացել: Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ իրենք քաղաքացիական անհնազանդությամբ պահանջելու են իշխանափոխություն, որից հետո էլ կչեղարկվի արդեն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքը նախաձեռնել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:





























