Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահի մոտ Սահմանադրական փոփոխությունների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ:

«Երկրորդ նախագահի խոսքով՝ դրդապատճառը գերկենտրոնացած իշխանությունն ապակենտրոնացնելն է: Պետք է ասեմ, որ սա չէ նպատակը: Սահմանադրական փոփոխությունների նպատակն է կայուն կառավարում ապահովել»,- այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցին:

Այնուամենայնիվ, ըստ ԱԺ փոխնախագահի, այս հարցազրույցում չկար այն տոնայնությունը, ինչ որ կար նախորդ հարցազրույցում. «Ի տարբերություն նախորդ հարցազրույցի, որտեղ անընդունելի, սխալ գաղափարներ կային, այս հարցազրույցում բնականաբար այդ տոնայնությունը չկար: Ինչ վերաբերում է շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ նրա հնչեցրած տեսակետին, ապա պետք է ասեմ, որ նա ողջ տեղեկատվությանը չի տիրապետում, հակառակ դեպքում չէր ասի, որ եթե հայկական կողմի հայտարարությունները լինեն միայն խոսքի մակարդակով, սրումը կկրկնվի»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել գերմանական գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը, որտեղ պատմել է, թե ումից է կախված ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, խոսել սահմանադրական հանրաքվեին իր վերաբերմունքի եւ ԵՏՄ ինտեգրման խնդիրների մասին: