Սեպտեմբերի 2-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսի Հայաստանյայց առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:
Հայաստանի եւ Արցախի օրհներգերից հետո, ներկաներին իրենց խոսքն են ուղղել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը:
Հայաստանի դեսպանն իր ելույթում կարեւորել է Բուենոս Այրեսում Արցախի անկախության տոնը հանդիսությամբ նշելու հանգամանքը, անդրադարձել է ԼՂՀ անցած դժվարին, բայց փառահեղ ճանապարհին` շեշտելով, որ հայկական երկրորդ պետությունը տարեցտարի ամրապնդում է իր պետականությունն ու քաղաքացիական հասարակության կառույցները:
Այնուհետեւ դեսպան Կարմիրշալյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ, ծաղկեպսակ է դրել եկեղեցու հարեւանությամբ` արգենտինահայ հայտնի երաժիշտ Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ կառուցված Արցախի անկախության համար զոհված մարտիկների հուշարձանին: Միջոցառմանը մասնակցել են արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայկական դպրոցների աշակերտներ, դեսպանության անձնակազմը:




























