Վաղը` սեպտեմբերի 4-ին` ժամը 19:19-ին Երեւանի Սիրահարների այգում կմենկարկի «Ձոն Տաթեւին» խորագրով ֆլեշմոբը: Ֆլեշմոբը կազմակերպված է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ Հայկական ֆլեշմոբ դիվիզիայի հետ համատեղ, որին աջակցում են ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» նախաձեռնությունը եւ «Դեպի Հայք» հասարակական կազմակերպությունը:
Նախաձեռնության նպատակն է մեկտեղել Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության ներուժը հանուն Տաթեւի վանական համալիրի վերականգնման եւ Տաթեւի տարածաշրջանի կայուն զարգացման: Ֆլեշմոբը նաեւ ուղղված է մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում հայտարարված i-Buy նվիրատվությունների քարոզարշավին առավել մեծ հանրային ուշադրություն հրավիրելուն:
«Ձոն Տաթեւին» ֆլեշմոբը, որ առաջին անգամ է կիրառվում հայաստանյան նվիրատվությունների արշավների շրջանակներում, ակնկալում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների ներկայությունը եւ ակտիվ մասնակցությունը:
i-Buy նվիրատվությունների քարոզարշավը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից հայտարարված մեկամսյա նախաձեռնություն է, որը մեկնարկել է օգոստոսի 20-ին: Այն հնարավորություն է ընձեռում բոլորին մասնակցել Տաթեւի վերակառուցմանը եւ հոգեւոր վերականգնմանը: Քարոզարշավի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է www.tatev.am կայքէջից գնել 10 ԱՄՆ դոլար արժողությամբ տոմս անսահնանափակ քանակությամբ` արդյունքում հնարավորություն ստանալով շահել դեպի Հայաստան երկու անձի համար նախատեսված մեկշաբաթյա ուղեւորություններից մեկը:
Հայկական ֆլեշմոբ դիվիզիան մինչեւ օրս կազմակերպել են 4 ֆլեշմոբ, այդ թվում` «Բոլորս գնում ենք գիրք կարդալու» ակցիան, որին մասնակցել է 330 մարդ:




























