Մարզային հանդիպումների ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները համոզվել են, որ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների թիվը մեծ է, սակայն մտավախություն կա, որ դեկտեմբերի 6–ի հանրաքվեի արդյունքները կկեղծվեն։ Այս մասին այսօր` նոյեմբերի 20–ին, սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Իրինա Հարութունյանը` նշելով, որ դա թույլ չտալու համար անհրաժեշտ է «հարցը լուծել մինչեւ դեկտեմբերի 6–ը»։
«Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանն իր հերթին նշեց, որ սահմանադրական փոփոխությունները «ավանտյուրա» են։
«Գործող Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ ոչնչացվել է ընտրությունների ինստիտուտը, որ խնամի–սանիկակական հարաբերությունների արդյունքում ձեւավորված կլանը նստել է մեր վզին, որ 520 հազար թոշակառու սոված է, 1 մլնից ավելի մարդ` կիսասված, որ մի գիշերում Սերժ Սարգյսնաը ոչնչացրեց իր կարծիքով ընդդիմությանը»,– ասաց Սուսաննա Մուրադյանը։
Ի դեպ, քաղաքական ուժերի կին ներկայացուցիչների ելույթներից հետո հանրահավաքը վարող, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը նկատեց, որ եթե կանայք լինեն առաջնորդողները, գործը ստացելու է, «բայց հետո դժվար կլինի կանանցից ազատվելը»։
Բոլոր ելույթ ունեցողները կարեւորեցին ընդդիմադիր ուժերի միավորվելը` համոզմունք հայտնելով, որ այդ դեպքում հնարավոր կլինի տապալել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Արամ Մանուկյանը կոչ արեց, որ հրապարակ գնան նաեւ «ֆեյսբուքային ընդդիմադիրները, քանի որ Գալուստ Գրիգորիչը «Ֆեյսբուքից» չի վախենում»։





























