Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Դա «Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարքի ցուցադրումն է, որում մշակույթի, սպորտի, հասարակական եւ քաղաքական ոլորտների անվանի գործիչները հիշողություններ են ներկայացնում իրենց ուսուցիչների մասին:

Շարքը նպատակ ունի հանրության շրջանում ընդգծել ոչ միայն գիտելիքի կարեւորությունը, այլեւ վերագնահատել բոլոր նրանց, ովքեր գիտելիքի կրողներն ու փոխանցողներն են: Շարքը եթեր է հեռարձակվում Հայաստանի Հանրային եւ «Արարատ» մշակութային հեռուստաալիքներով:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջերս եւս մեկ նորարարությամբ էր հանդես եկել, նախաձեռնելով «Հայ ուսուցչի երդման» արարողություն, ըստ որի ամեն տարի սեպտեմբերի 1-ին ուսուցիչները պետք է երդվեն հավատարիմ լինել իրենց կոչմանը։