Լեւոն Տեր–Պետրոսյանն ինքն է որոշում` գալ Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»–ի ճակատի հաջորդ հանրահավաքին, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ արդյոք ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի դեկտեմբերի 7-ին Ազատության հրապարակում կայանալիք «Ոչ»–ի ճակատի հանրահավաքին:
«Մենք էլ ենք շատ ուզում, որ գա: Ինքն է որոշում գա, թե չգա, կարծում եմ, որ հաջորդին ներկա կլինի, հուսով եմ»,-ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «ՈՉ»–ի ճակատի հերթական հանրահավաքը, որից հետո տեղի ունեցավ երթ։
«ՈՉ»–ի ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Երեւանի Ազատության հրապարակում:
«Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Ազատամարտիկների դաշինքի» անդամներ։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին։





























