Սիրիա-թուրքական սահմանի փակումը կնպաստի Սիրիայում ահաբեկչության խնդրի լուծմանը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ բանակցությունների ավարտին:  

«Վստահ ենք, որ այդ սահմանը փակելով` մենք մեծապես կլուծենք սիրիական տարածքից ահաբեկչությունն արմատախիլ անելու խնդիրը»,- ասել է ռուսաստանցի արտգործնախարարը, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Լավրովի խոսքով, Մոսկվան վաղուց աջակցում է սահմանի փակման վերաբերյալ Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությանը  եւ  «պատրաստ է համաձայնեցնել գործնական քայլերը, բնականաբար` Սիրիայի կառավարության հետ համագործակցելով»:

Սիրիա-թուրքական սահմանը փակելուց բացի, Ռուսաստանն աջակցում է նաեւ  թիվ  2199 որոշման իրականացմանը, որով նախատեսվում է արգելել ծայրահեղական կազմակերպությունների կողմից` նավթի  եւ հնության առարկաների վաճառքով ֆինանսական միջոցների ձեռք բերումը:  Ավելի վաղ` ուրբաթ օրը, նոյեմբերի 27-ին փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը տեղեկացրել է, որ ՌԴ-ն պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որոշման նախագիծ ներկայացնել այդ միջոցներին աջակցելու վերաբերյալ: