Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպական հարեւանության տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս Պետեր Բոեին, ով Հայաստանում էր գտնվում տարածաշրջանային այցով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ ՀՀ կառավարության միջեւ ծավալված համագործակցությունը` ընդգծելով, որ բազմաթիվ ծրագրեր են մշակվել եւ կյանքի կոչվել երկրի համար առաջնայնություն ներկայացնող ոլորտներում:

Հանս Պետեր Բոեն շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար եւ վստահեցրել, որ ՄՄԿ-ը կշարունակի միգրացիայի ու միգրացիային առնչվող խնդիրներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են կանոնավոր միգրացիայի կազմակերպման խթանմանը, միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակմանը եւ օրենսդրական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից սահմանային կառավարման բարեփոխումների իրականացմանը եւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարին, փախստականներին առնչվող հարցեր: