Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձագանքել է NEWS.am-ի լուրին, որտեղ խոսք է գնում Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարությանը, թե Հայաստանում ալյուրի առավելագույն մանրածախ գինը 200 դրամ է 1 կգ-ի համար։ Այդ հայտարարության հետքերով, NEWS.am-ը եղել է մի քանի խանութներում ու պարզել, որ երեւանյան խանութների զգալի մասում առանց փաթեթավորման ալյուր չի վաճառվում, իսկ «Բարի Սամարացի» սուպերմարկետում վաճառվում է 1 կգ-ը 230 դրամով։ Փաթեթավորված ալյուրը վաճառվում է շատ ավելի թանկ գներով։

Այս առնչությամբ, Հանձնաժողովից NEWS.am-ին որպես լրացում հայտնեցին, որ Հանձնաժողովն իր դիտարկումն իրականացրել է Աբովյան 33 եւ Արցախի 61 հասցեներում գտնվող խանութներում, որոնք համապատասխանաբար պատկանում են «Ալեքս Գրիգին» եւ «Մանանա Գրեյնին»։ Խանութների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ ընկերությունները շուկայում գերիշխող դիրք են գրավում, բացի այդ՝ Հանձնաժողովի իրավասությունից դուրս է մանրածախ առեւտրի ցանցի գնային քաղաքականության վերահսկողությունը։ Տեղեկացվեց նաեւ, որ «Մանանա Գրեյնը» այսօր արդեն ալյուրը սկսել է վաճառել կգ-ը 190 դրամով։