Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ մեկ հարսանիքին ավելի շատ մարդ է մասնակցում, քան ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքներին:

«Մենք ներկայացրել ենք փաստարկներ, թե ինչու պետք է կողմ քվեարկել Սահմանադրական փոփոխություններին: Մինչդեռ «Ոչ» քարոզող մեր գործընկերները որեւէ փաստարկ չներկայացրին. մի մասը հորդորեց «Ոչ» քվեարկել, մի մասը, թե բոյկոտեք հանրաքվեն, իսկ մի մասն էլ «Ոչ» է ասում, բայց սրտով «Այո» է: Մենակ քննադատելով չէ: Մեկ հարսանիքին ավելի շատ մարդ է մասնակցում, քան ՀԱԿ-ի հանրահավաքին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ եթե մի կուսակցություն չի կարողանում բոլոր ընտրատեղամասերում ապահովել վստահված անձինք, ապա նրանց ավելին ակնկալելը սխալ է. «Վերմակը մարմնի չափով պետք է ձգել, ոչ թե մեծ-մեծ խոսել»:

Նշենք, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն այսօր հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին: