«Իրատես դե ֆակտո»-ն գրում է, թե իշխանության բարձր օղակներում բավական լրջորեն են սկսվել նախապատրաստվել հերթական ընտրություններին սպասվելիք վերադասավորումներին: «Մասնավորապես, առանձնակի ուշադրության են արժանանում այն գործող եւ նախկին պաշտոնյաները, որոնց լոյալությունը հարուցում է գործող իշխանությունների լուրջ կասկածները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր պաշտոնավարման ժամանակ հսկայական միջոցներ են կուտակել, եւ ովքեր ներկայիս իշխանություններից «աբիժնիկ» են՝ պաշտոնանկ լինելու պատճառով: Ասում են, թե դրանց շարքում է մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը:
Որոշ աղբյուրների պնդմամբ՝ իշխանության ամենավերին օղակներից հրահանգ է իջեցված «կոմպետենտ» մարմիներին՝ վերակենդանացնել Արմեն Ավետիսյանի գործունեության շուրջ հիմնականում քաղաքական դրդապատճառներով սառեցված որոշ քրեական գործեր, որոնք ժամանակին սառեցվել էին՝ նախկին գլխավոր մաքսավորի ազդեցիկ հնարավորությունների ջանքերով: Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հնարավոր է նորից ջրի երես հանվի Արմեն Ավետիսյանի հանդեպ հարուցված 55 միլիոն դոլարի վերաբերյալ քրեական գործը (որը ժամանակին «բարեհաջող» սառեցվել էր եւ այժմ էլ, չնայած խիստ հրահանգին, չեն շտապում ընթացք տալ): Ասում են նաեւ, թե այս փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել «վերեւներում» եւ կարող է առիթներ տալ գլխավոր դատախազի պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունների վերսկսմանը»,-տեղեկացնում է թերթը:




























