Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում՝ հանրությանը հիշեցնելով Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին:
91-ամյա շանսոնյեն իր էջում տարածել է «Քեզ համար Հայաստան» երգը եւ կատարել հետեւյալ գրառումը. «1988թ. դեկտեմբերի 7-ին սարսափելի երկրաշարժը մեծ ավերածություններ արեց Հայաստանում: Երկրաշարժի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին եւ հարյուր հազարավորները մնացին անտուն»:
Նշենք, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ազնավուրը մշտապես օգնել է երկրաշարժից տուժածներին:
Հիշեցնենք, որ 27 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ (12-բալանոց սանդղակով): Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երեւանում եւ Թբիլիսիում:
Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:



























