Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանը հերքել է Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր մշակույթի տան բացման արարողության ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին խոչընդոտել են ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը, կոտրել միկրոֆոնն ու հենակալը՝ պատճառելով բարոյական ու նյութական վնաս:
«Հեռուստաընկերության տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք գործ ունենք սովորական շահարկման հետ, երբ իրականությունը գլխիվայր շուռ է տրվում: Արթիկում մշակույթի տան բացմանը ներկա են եղել տասնյակ լրագրողներ, ովքեր կարող են ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արամ Անանյանը:
Վերջինիս խոսքով, «տեղի է ունեցել զուտ պատահականություն, եւ որեւէ լրագրողի կամ օպերատորի տեղաշարժ չի սահմանափակվել»: «Միջադեպից հետո ես ներողություն եմ խնդրել հեռուստատեսության նկարահանող խմբից` տեղի ունեցած պատահականության կապակցությամբ: Տեղի ունեցածում որեւէ դիտավորություն չի եղել»,- նշել է Անանյանն ու հավելել. «Իհա՛րկե, հասկանում ենք, որ նյութական վնասը փոխհատուցել հնարավոր է, բայց պատկերացնում ենք, որ «բարոյական» այն հսկայական վնասը, որ կրել է ԳԱԼԱ-ն, հազիվ թե որեւէ կերպ փոխհատուցվի»:
Հ.Գ. Ի դեպ, Արամ Անանյանը հայտնեց, որ լուսանկարը արվել է միջադեպից հետո, եւ այնտեղ պատկերված է ԳԱԼԱ-ի միկրոֆոնը՝ անվնաս վիճակում:





























