Եվրոպական կառույցների ներկայացուցիչները ողջունում են ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ազատումը։

Ինչպես հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակ Մայա Կոսիժանչիչը, դա շատ ցանկալի եւ մարդասիրական ժեստ էր։ Նա նաեւ հույս է հայտնել, որ ապագայում նման քայլերը շարունակական բնույթ կկրեն, եւ նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Լեյլա Յունուսի ազատման լուրն ուրախությամբ է ընդունել նաեւ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը։ «Մարդու իրավունքների միջազգային օրվա նախաշեմին Լեյլա Յունուսին ազատ արձակելը հիանալի նորություն է Ադրբեջանի եւ ողջ աշխարհի իրավապաշտպանների համար։ Սակայն ուզում եմ նշել, որ Լեյլան եւ նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, միայն պայմանական են ազատ արձակվել։ Եվրախորհրդարանը եւս մեկ անգամ խնդրում է չեղարկել նրանց դեմ մեղադրանքները եւ արդարացնել նրանց»,- ասված է Շուլցի հայտարարության մեջ։ Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել շարունակել այդ ուղին եւ ազատել խղճի բանտարկյալներին։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը դրական է գնահատել Լեյլա Յունուսին ազատելու որոշումը։ «Լեյլա Յունուսին ազատելուց հետո ես թեթեւացած եմ ինձ զգում։ Հուսամ, որ հիմա նա կարող է վերականգնել իր առողջությունը։ Այսօր մեր մտքերը Ադրբեջանում  մյուս կալանավորված իրավապաշտպանների հետ են»,- ասված է Յագլանդի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում մյուս բանտարկյալները պետք է ազատ արձակվեն նախքան ծանր հիվանդանալը։

Լեյլա Յունուսի ազատ արձակումը ողջունել է նաեւ ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, ԱՄՆ կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Սմիթն ու այլք։

Նշենք, որ Լեյլա Յունուսին մեղադրանք էր ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ  (պետական դավաճանություն), 178.3.2 (խարդախություն հատկապես խոշոր վնասով), 192.2.2 (ապօրինի ձեռներեցություն),  213.2.2  (խոշոր չափի հարկերից խուսափում), 320.1 (վկայականի կամ այլ պաշտոնական փաստաթղթի կեղծում), 320.2 (320.1 հոդվածով նշված կեղծ փաստաթղթերի օգտագործում) հոդվածների հատկանիշներով։ Արիֆ Յունուսին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274 (պետական դավաճանություն) եւ 178.3.2 (խարդախություն հատկապես խոշոր վնասով) հոդվածների հատկանիշներով։