«Ժառանգություն» խմբակցությունը ԼՂ-ի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը ԱԺ է ներկայացրել՝ ելնելով բացառապես ԼՂ-ի շահերից, այլ ոչ թե սեփական իմիջը բարձրացնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին, ով հայտարարել է, թե «Ժառանգության» կողմից ԱԺ ներկայացված օրինագիծը «նախընտրական քայլ է», որն արվում է «կուսակցության իմիջի համար»: «Մեր կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՂ անկախությունը ճանաչելու գաղափարն առաջ է քաշել տարիներ առաջ՝ դեռեւս 1992 թվականին, երբ «Ժառանգություն» կուսակցությունը չկար: Այնպես որ, այդ հարցին կրկին անդրադառնալով՝ մենք մեր հեղինակության խնդիրը չենք լուծում: Հետեւապես՝ թող պարոն Նիկոյանը իր տրամաբանության շրջանակում որոշում կայացնի՝ ինքը ճի՞շտ է դատում, թե` ոչ»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նաեւ նշեց, որ օրինագիծն ԱԺ է ներկայացվել, քանի որ այժմ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել ԼՂ անկախությունը ճանաչելու համար: «Մենք ունեցել ենք բազմաթիվ նման նպաստավոր պահեր, որոնք չեն օգտագործվել: Հաջորդ նպաստավոր փուլը շատ ավելի ուշ է լինելու: Ուստի, որքան շուտ ճանաչենք ԼՂ անկախությունն` այնքան լավ»,-ասաց պատգամավորը: Նա միաժամանակ ձեռնպահ մնաց կանխատեսում անել, թե ինչպես խորհրդարանական մեծամասնությունը կքվեարկի օրինագծին: «Սպասենք քաղաքական գործընթացներին: Առաջիկայում ՄԱԿ-ում սպասվում է ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւի քննարկում: Այդ քննարկումը եւս իր ազդեցությունը կունենա ԼՂ խնդրի շուրջ ընթացող զարգացումների վրա եւ գուցե կանխորոշիչ լինի»:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: Քննարկումը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:





























