Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Կանադայի խորհրդարանի հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն ասել է, թե Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը եւ ամրապնդմանը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը ողջունելի է համարել հայ-կանադական հարաբերություններում վերջերս նկատված աշխուժացումը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը:
Կանադայի Համայնքների պալատի անդամ Հարոլդ Ալբրեխտը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերհիշել է Հայաստանի արտգործնախարարի վերջերս Օտտավա կատարած պաշտոնական այցելությունը, որի արդյունքում հայ-կանադական հարաբերություններին նոր լիցք է հաղորդվել:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանը, տնտեսական հարաբերությունների խթանմանը, մշակութային, գիտական եւ կրթական փոխանակումների ակիտվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:





























