Դեկտեմբերի 13-ին Էգեյան ծովում միջադեպ է տեղի ունեցել թուրքական ձկնորսական նավի եւ ռուսական ռազմանավի միջեւ: Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրներին, հաղորդում է, որ պարեկանավը նախազգուշական կրակոց է արձակել Էգեյան ծովում՝ թուրքական նավի հետ բախումից խուսափելու համար:

«Թուրքական նավի՝ շուրջ 600 մետր հեռավորությամբ մոտենալուն պես, բախումից խուսափելու համար, հրաձգային զենք է կիրառվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Դրանից անմիջապես հետո թուրքական նավը փոխել է ընթացքը եւ շարունակել շարժվել ռուսական նավից 540 մետր հեռավորությամբ: ՌԴ ՊՆ-ում նշել են, որ թուրքական կողմը ռադիոկապ չի հաստատել ռուսական նավաստիների հետ:

Միջադեպի հետ կապված Մոսկվայում Թուրքիայի ռազմական կցորդին շտապ կանչել են Պաշտպանության նախարարություն: