Ելենա Ղուկասյանն ու Նագուի Էլվասֆին ծանոթացել են առցանց քննարկման ժամանակ. ծրագրավորող Ելենային հետաքրքրում էր մասնագիտական մի հարց, որի պատասխանն էլ հենց տալիս է Նագուին:

«Նագուին բնակվում էր Ավստրալիայում, ես՝ Հայաստանում: Ֆորումում գրված հարցիս պատասխանելուց հետո Նագուին առաջարկեց էլ.փոստով շարունակում շփումը, եթե օգնության կարիք ունենամ, իրեն դիմեմ: Այդպես սկսեցինք շփումը»,- պատմում է Ելենան՝ նշելով, որ այդ ժամանակ իր մտքով չէր էլ անցնում, որ կարող են ընտանիք կազմել:

Նագուի Էլվասֆին ղպտի է, ծնվել է Եգիպտոսում, սակայն արդեն 35 տարի է՝ բնակվում է Ավստրալիայում: Մասնգիտությամբ կենսաքիմիկոս, հանգամանքների բերումով դատական թարգմանիչ դարձած Նագուի հոբբին նկարչությունն ու քանդակագործությունն են: Ելենայի հետ ծանոթանալուց հետո էլ Նագուին գալիս է Հայաստան եւ մոտ 9 ամիս ապրելու ընթացքում Երեւանում բացում ցուցահանդես:

«2013թ. հունվարի 13-17-ը Նկարիչների միության երկրորդ հարկում բացվեց Նագուիի ցուցահանդեսը, որին ներկայացված էին նրա՝ Օսմանյան կայսրությունում հայերի 1915 թվականի Ցեղասպանության թեմայով նկարները»,- ասում է Ելենան:

Ղուկասյան-Էլվասֆի ամուսիններն արդեն մոտ 2,5 տարի է՝ բնակվում են Ավստրալիայում. հայ-ղպտիական ընտանիքում ավանդույթներ պահպանողը հենց Ելենան է:

«Սիրում եմ հայկական խոհանոցը, կնոջս պատրաստած բոլոր հայկական ուտեստներն եմ սիրում: Հայաստանում ապրած ամիսների ընթացքում հասցրել եմ այցելել պատմամշակութային վայրեր, մոտիկից տեսնել Արարատը, շփվել հայերի հետ, որոնք հյուրասեր են: Տպավորված եմ հայուհիների աչքերով»,- ասում է Նագուին:

Ղպտիական ավանդույթներից ընտանիքը պահպանում է միայն «խոհանոցայինը». Ելենան արդեն սովորել է ղպտիական ուտեստներ պատրաստել:

«Կինս հրաշալի է պատրաստում»,- ժպիտով նշում է Նագուին:

Ամուսինները նախատեսում են առաջիկայում այցելել Հայաստան եւ երկրորդ ցուցահանդեսը բացել Երեւանում: