Ավստալիայում պաշտոնապես այսօր բնակվում է ավելի քան 40 հազար հայ: Սպորտային ամսագրի հրատարակիչ, հայ Ալֆրեդ Մարգարյանն այդ 40 հազարից մեկն է. նա ընտանիքի հետ Ավստրալիա է տեղափոխվել 1980թ.-ին:
NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Ալֆրեդ Մարգարյանի հետ վերջինիս ընտանիքի, Ավստլիայում հայկական համայնքի ակտիվության մասին:
Պատմեք Ձեր արմատների մասին. ձեր ծնողները Հայոց Ցեղասպանությունից փրկվածնե՞ր են:
Ոչ, կարելի է ասել՝ իմ նախնիների պատմությունը հասնում է մինչեւ 1600-ական թթ.: Մենք Իրանի Շահ Աբասի արշավանքներից փրկվածներ ենք: Ինչպես գիտեք, Շահ Աբասն այդ թվականներին այրել է Արաքս գետի ափին գտնվող բոլոր գյուղերն ու քաղաքները՝ սպանելով ոչ արվեստագետ հայերին, այնուհետեւ հավաքել է բոլոր դերասաններին եւ արհեստավորներին եւ բերել Իրան: Պարսկական բոլոր արհեստները՝ կերամիկա, գորգեր, մանրանկարչություն, ինչ-որ տեղ կապված են իմ նախնիների հետ, որոնց հենց Շահ Աբասն է բերել Իրան:
Մենք Իրանից Ավստրալիա ենք գաղթել 1980թ.-ին: Հետաքրքիր է, որ մենք ինքնաթիռ ենք նստել ապրիլի 24-ին եւ վայրէջք կատարել Սիդնեյում ապրիլի 26-ին:
Մեր ընտանիքը ԱՄՆ մեկնելու վիզաներ է ունեցել, քանի որ հայրս ավելի քան 25 տարի աշխատել է ամերիկյան դեսպանատան համար: Սակայն մենք որոշեցինք Ավստրալիա գալ, քանի որ հորեղբայրս Սիդնեյում էր արդեն:
.jpg)
Ինչո՞վ եք զբաղվում Սիդնեյում:
Ես սպորտային ամսագրի հրատարակիչ եմ: Նախկին եւ ներկայիս հրատարակչություններս մեծ մասամբ վերաբերվում են ռեգբիի լիգային, բասկետբոլին, ավստրալիական ֆուտբոլի առաջնություններին, պոկերին: Ես աշխատել եմ նաեւ News Ltd-ի համար՝ որպես ստեղծագործական տնօրեն: Բացի դրանից՝ ես սեփական հրատարակչություն ունեմ:
Անդրադառնանք նաեւ Ավստրալիայում հայկական համայնքին:
Ավստրալիայում հայկական համայնքի թիվը պաշտոնապես 40 հազար է, այնուամենայնիվ, այս թիվը սխալ է, քանի որ շատ հայեր չեն ասում իրենց արմատների մասին: Արդյունքում էլ մեր թվերի մի մասը գնում է իրանցիներին, լիբանանցիներին, եգիպտացիներին եւ այլն:
.jpg)
Հայերի մեծ մասն ապրում է Սիդնեյում, Մելբուռնում եւ Ադելաիդում:
Ինչքանո՞վ է Ավստրալիայի հայկական համայնքը կապված Հայաստանի հետ:
Սիդնեյում ունենք երկու առաքելական եկեղեցի, 1 կաթոլիկ եւ այլ կրոնների պատկանող: Ունենք նաեւ Հայ մարմնակրթական ընդհանուր միություն, Հայ Դատ, ANCA, AYF, AGBU: Ավստրալիայում գործում է նաեւ երկարօրյա հայկական դպրոց եւ երկու կիրակնօրյա դպրոց: Տարիներ առաջ Armenia Weekly շաբաթաթերթ եւ «Գարուն» ամսագիր ունեինք, որոնց աշխատանքներին նաեւ ես էի մասնակցում: Բացի դրանից մի քանի անվճար ամսագրեր էլ ունեինք: «Եկեղեցո լույս» ամսագիրը դեռեւս հրատարակվում է: Մնացածներն էլ կամաց-կամաց վերածվեցին առցանց մամուլի:
Ամեն տարի դեկտեմբերին անցկացնում ենք Նավասարդյան խաղեր եւ լավագույն մարզիկները մասնակցում են Երեւանում անցկացվող Համահայկական խաղերին:
.jpg)
Մենք նաեւ տարին մեկ անգամ փառատոն ենք կազմակերպում:
Ցավոք սրտի, հայ երգիչ-երգչուհիներն այլեւս համերգային շրջագայություններով չեն այցելում Ավստրալիա: Թվում է, որ մարդիկ չեն հետաքրքրվում նման համերգներով: Նախկինում ինքս համերգներ կազմակերպում էի այստեղ, բայց հիմա արդեն չէ: Ավստրալիայում ամենամեծ համերգները կազմակերպել են Արա Գեւորգյանը (3000 հանդիսատես) ու Արմենչիկը (1700 հանդիսատես):




























