ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հերթական անգամ դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով ազատել ReAl շարժման առաջնորդ Իլքար Մամեդովին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բրասերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նիստը, որում մասնավորապես նշվել է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է կատարել  Իլքար Մամեդովի գործով Եվրադատարանի որոշումը:

«Պարոն Մամեդովը պետք է անհապաղ ազատ արձակվի: Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցները Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում կատարել իր միջազգային պարտավորությունները եւ դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները»,- ասել է նա:

2013թ. մարտի 17-ին Շեքիի ծանր հանցագործությունների դատարանը 18 մարդու ազատազրկման էր դատապարտել Իսմայիլի քաղաքում ծագած անկարգությունների համար: ReAl շարժման առաջնորդ Իլքար Մամեդովը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: